Մտածված քաղաքականություն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը` Փաշինյանի մասին
Հունիսի 02, 2025

Մտածված քաղաքականություն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը` Փաշինյանի մասին

Դիվանագետների համահայկական խորհուրդը համոզված է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` եկեղեցու և հոգևորականների վերաբերյալ գրառումները պետք է դիտարկել մտածված քաղաքականության շրջանակում։ Խորհուրդը հայտարարություն է տարածել` նշելով այդ գրառումների դրդապատճառներն ու նպատակը։

«Խստորեն դատապարտում ենք Հայ առաքելական եկեղեցու հասցեին Հայաստանում իշխող վարչախմբի ու նրա պարագլխի՝ հատկապես վերջին օրերին տարրական բարեկրթության և բարոյականության բոլոր սահմանները հատած արտահայտությունները: Հանրային տիրույթում անթույլատրելի և բարձրագույն պաշտոնների հետ բացարձակապես անհամատեղելի այդ արտահայտությունները համարում ենք ոչ միայն կրթության, գիտելիքների, բարոյականության ու դաստիարակության ակնհայտ բացակայության հիվանդագին դրսևորումներ, այլև միտումնավոր և մտածված քաղաքականություն»,– ասված է հայտարարությունում։ 

Դիվանագետների համահայկական խորհուրդը թվարկել է այդ քաղաքականության թիրախները.
 
Դարերի ընթացքում ձևավորված մեր ինքնության հենասյուներն ու արժեքային համակարգը,
 
ՀՀ Սահմանադրությունը, որով Եկեղեցին անջատ է պետությունից, իսկ Հայ առաքելական եկեղեցին ունի բացառիկ դեր,
 
Իշխանությունների զրոյական արժևորման համեմատ՝ ՀԱԵ–ի է՛լ ավելի աճող հեղինակությունը, 

Իշխանությունների աջակցությունից զրկված և նրանց կողմից մոռացված Արցախի մեր եղբայրների ու քույրերի իրավունքների, հետևաբար մեր բոլորի իրավունքների պաշտպանության հարցում Եկեղեցու հետևողական ջանքերն ու անթաքույց նախանձախնդրությունը:

«Արցախը կորցրած, պատերազմը տանուլ տված, հազարավոր կյանքեր զոհած, մեր ինքնիշխան երկրի տարածքները ոսոխին նվիրող, իր իսկ նախընտրական ծրագրերը և պետության ներքին ու արտաքին քաղաքականությունը տապալած, մեր ինքնության հիմքերը և պետական ինստիտուտները թիրախավորած, երկիրը աննախադեպ ճգնաժամի հասցրած, բանսարկու և ազգադավ խմբակի որդեգրած քաղաքականությունը հերթական անգամ համընկնում է մեր ոխերիմ թշնամիների խոսույթին և ուղղված է մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրներից ու գոյութենաբանական մարտահրավերներից մեզ բոլորիս շեղելուն, հասարակությունը հերթական անգամ պառակտելու ստոր քաղաքականությամբ իրենց երերացող աթոռը պահպանելուն»,– ասված է հայտարարությունում:

Հիշեցնենք` ՀՀ վարչապետը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հաջորդն օրը նա տգեղ բառապաշարով գրառում արեց Հայ առաքելական եկեղեցու և բարձրաստիճան հոգևորականների մասին։ Այնուհետև հաջորդեցին այլ գրառումներ, որոնք նա եզրափակեց հետևյալ հայտարարությամբ` Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում, կաթողիկոսի թեկնածուները պետք է անցնեն բարեվարքության ստուգում։

Նշենք, որ եկեղեցու վերաբերյալ վիրավորական գրառում է արել նաև նրա կինը` Աննա Հակոբյանը։

Rate this item
(0 votes)

Լրահոս